Փաստացի տեխնիկական առումով սահմանի այսօրվա դեպքն արդեն ընկնում է ՄՔԴ-ի տարածքային իրավազորության տակ. Կիրակոսյան (տեսանյութ)
Փաստացի տեխնիկական առումով սահմանի այսօրվա դեպքն ընկնում է ՄՔԴ-ի տարածքային իրավազորության տակ արդեն, քանի որ դատարանի կանոնադրությունը Հայաստանի համար մտել է ուժի մեջ և գործում է Հայաստանի տարածքի նկատմամբ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ ուսումնասիրում են դիպվածը որակելու հիմքերը:
«Անկախ ամեն ինչից՝ այդ դիպվածն իրավական գործընթացների շրջանակներում կներկայացնենք ՄՔԴ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,-նշել է Կիրակոսյանը
Նա նաև ասել է, որ պետք է հասկանալ, թե ինչպես որակել «այդ արարքը»:
«2022 թվականի սեպտեմբերին Սև լճի մոտ ադրբեջանցիները գնդակահարել էին զենքը վայր դրած զինվորականներին, և դա ակնհայտ պատերազմական հանցագործություն էր։ Այս դեպքի հետ կապված պետք է հասկանալ՝ ինչ որակում է պետք տալ, չեմ ուզում շտապել, բայց եթե հիմքեր լինեն այն որպես պատերազմական հանցագործություն որակելու համար, ապա այո՝ դատարանի իրավազորությունը կարող է գործել։
Միջազգային քրեական դատարանի իրավազորությունն ավելի առարկայական տարածվում է այլ դեպքերի վրա՝ օրինակ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ակնհայտ հանցագործություն է, որի պարագայում, կարծում եմ, դատարանի իրավազորությունը գործում է»,- նշել է Կիրակոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։