Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետի, Լատվիայի և Լիտվայի մի շարք պաշտոնյաների նկատմամբ
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և երկրի պետքարտուղար Տայմար Պետերկոպի նկատմամբ՝ խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Ռուսաստանն Էստոնիային մեղադրում է խորհրդային ժամանակաշրջանի զինվորների հուշարձանների ապամոնտաժման համար, որոնք, ըստ BBC-ի, «Տալլինը համարում է ԽՍՀՄ-ի ժամանակ երկրի բռնազավթման անցանկալի խորհրդանիշներ»։
Բացի այդ, նույն մեղադրանքներով հետախուզում է հայտարարվել Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի նկատմամբ։
ՏԱՍՍ-ի մեկ այլ հրապարակման համաձայն՝ հետախուզում է հայտարարվել նաև Լատվիայի արդարադատության, ֆինանսների և հողագործության նախարարների նկատմամբ։ Իրավապահ մարմինները գործակալությանը հայտնել են, որ նրանց նկատմամբ նույնպես հետախուզում է հայտարարվել խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու քրեական գործի շրջանակներում։
Անդրադառնալով թեմային՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մերձբալթյան երկրների պաշտոնյաների նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառը եղել է «պատմական հիշողության դեմ վիրավորանքը և Ռուսաստանի հանդեպ թշնամանքը»։
Իր հերթին, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «սա դեռ միայն սկիզբն է»։
«Աշխարհը նացիզմից և ֆաշիզմից ազատագրողների հիշողության դեմ հանցագործությունների համար հարկավոր է պատասխան տալ։ Սա դեռ միայն սկիզբն է», - գրել է Զախարովան իր Telegram ալիքում։