Հայաստան է ժամանել Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի փորձագիտական ծառայությունների տնօրենը
2023 թվականի դեկտեմբերի 14-15-ին Ժնևում ՀՕԿ-ի կողմից կազմակերպված «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության ներքո կայացած Հարավային Կովկասի երկրների և Ղազախստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների տնօրենների և ներկայացուցիչների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2024 թվականի փետրվարի 11-13-ը աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի փորձագիտական ծառայությունների տնօրեն Հարի Փիեթարիլան։
Այցի ընթացքում, ինչպես նախատեսված էր, փետրվարի 11-ին պարոն Հ. Փիեթարիլան այցելել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայան, որտեղ ծանոթացել է կայանի գործունեությանը։
Այցի երկրորդ օրը Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի փորձագիտական ծառայությունների տնօրենը եղել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում, կլիմայի, օդերևութաբանության և հիդրոլոգիայի ծառայություններում՝ ծանոթանալով վերջիններիս գործունեությանը։
Փետրվարի 12-ին Հ․ Փիեթարիլան ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ներկայացրել է Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի գործունեությունը, կառուցվածքը և իրականացվող ծրագրերը։
Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում նույնպես շարունակել քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ուղղությունները վերհանելու, փորձի փոխանակման և համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։