Բելգիացի ֆերմերները փակել են Եվրոպայի՝ մեծությամբ երկրորդ նավահանգստի ճանապարհները
Բելգիացի ֆերմերները փակել են Անտվերպեն նավահանգիստ տանող ճանապարհները, որը Եվրոպայում երկրորդն է բեռնափոխադրումների ծավալով։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է նավահանգստի տնօրինությունը։
«Ֆերմերների գործողությունները երթևեկության լուրջ խախտումներ են առաջացնում Անտվերպենի նավահանգստային գոտում», - ասված է նավահանգստի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
VRT հեռուստաալիքի տվյալներով՝ ֆերմերները շրջափակման համար օգտագործել են մոտ 500 տրակտոր։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, բողոքի ակցիայի համար Անտվերպենում են հավաքվել ֆերմերներ ամբողջ Ֆլանդրիայից։ Ֆերմերներն ամբողջությամբ չեն փակում մուտքի ճանապարհները. նրանք պատրաստ են թույլ տալ արտակարգ ծառայությունների անցումը: Բողոքի ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ կպահպանեն կարգուկանոնը։ Ակցիայի միջոցով ֆերմերները ցանկանում են «ճնշում գործադրել քաղաքական գործիչների վրա» և հարգանք են պահանջում նավահանգստային ընկերություններից։
Վերջին ժամանակներս Եվրամիության տարբեր երկրներում տեղի են ունենում ֆերմերների բողոքի ակցիաներ։ Մասնավորապես, ցույցեր են կազմակերպվել Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում և ԵՄ այլ պետություններում: