Լեհաստանի բանակի թիվը 2024 թ․ վերջին կարող է հասնել 220 հազարի
Լեհաստանի զինված ուժերը մինչև 2024 թվականի վերջը կունենան մոտ 220 հազար զինվոր և սպա, տարեցտարի բանակի թիվը կավելանա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը։
«Մինչև այս տարվա վերջը Լեհաստանի բանակի զինծառայողների թիվը կարող է հասնել մոտ 220 հազարի», - ասել է նախարարը Polsat հեռուստաալիքի եթերում։
Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ լեհական բանակն ունի «(բանակի թվաքանակը) մեծացնելու վիթխարի հնարավորություններ՝ ակտիվ պահեստազորի տեսքով»։
Լեհաստանի պաշտպանության նախարարության` 2023 թվականի հոկտեմբերի տվյալներով` երկրի զինված ուժերի թվաքանակը կազմել է մոտավորապես 187 հազար զինվոր և սպա։ Գերատեսչության նախկին ղեկավար Մարիուշ Բլաշչակն անհրաժեշտ է համարել լեհական բանակի անձնակազմը հասցնել 300 հազարի: