Իրանի ռազմածովային ուժերը զորավարժությունների ընթացքում կատարել են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող արձակում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը զորավարժությունների ընթացքում կատարել են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող արձակում։ Այդ մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հասել են մի քանի նոր ձեռքբերումների, որոնցից մեկը ռազմանավից մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող արձակումն է՝ Իրանի օդատիեզերական ուժերի հետ համատեղ», - մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը:
Նա հավելել է, որ Իրանի դեմ «ցանկացած քայլին կամ դավադրությանը» կհետևի «համապատասխան, կոշտ հակազդում»:
Սալամին հավելել է, որ նման զենքի առկայության դեպքում ԻՀՊԿ-ն կկարողանա խոցել «ցանկացած թիրախ աշխարհի ցանկացած կետում»։
«Մեր ռազմածովային պաշտպանությունը և հարձակողական ուժը` մեծ թվով անօդաչու թռչող սարքերի, թևավոր հրթիռների, իսկ այժմ նաև բալիստիկ հրթիռների հայտնվելով, որոնք ունակ են խոցելու ծովում նավերին, ցուցադրում են արդի (ռազմական) տեխնոլոգիաների բարդ հավաքակազմը», - ասել է Սալամին: