Գլխավոր հանձնակատարն այցելել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի ներկայացուցիչների հետ
Ավստրալիա աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի ներկայացուցիչների հետ՝ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ:
Հանդիպման մեկնարկին Գլխավոր հանձնակատարը նշել է, որ սա իր առաջին այցելությունն է Ավստրալիայի հայ համայնք, և ուրախ է ունենալ կառուցողական և անկեղծ հանդիպումներ համայնքի բոլոր կառույցների և կազմակերպությունների հետ: Զարեհ Սինանյանը շեշտել է հայ եկեղեցու դերը համայնքում՝ կարևորելով այն հայապահպանության և համայնքի միասնականության տեսանկյունից:
Այնուհետ Գլխավոր հանձնակատարին են ներկայացվել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքների հոգևոր կյանքը և ակտիվությունը: Քննարկում է ծավալվել ընդհանրապես Հայաստանում և սփյուռքում եկեղեցու դերակատարության շուրջ։
Զարեհ Սինանյանը Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում համայնքի հետ մասնակցել է Բուն Բարեկենդանի պատարագին: