Մոսկվան Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է արել
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը՝ Բաքվին և Երևանին կոչ անելով զսպվածություն դրսևորել, հայտնում է TASS-ը։
Պեսկովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանից անհանգստացնող նորություններ են ստանում։
«Կողմերին զսպվածության կոչ ենք անում՝ խուսափելու համար յուրաքանչյուր գործողությունից, որը հակառակ կողմը կարող է սադրիչ համարել։ Շատ ուշադիր կհետևենք և կշարունակենք մեր շփումները կողմերի հետ»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ նմանատիպ միջադեպերը նվազագույնը չեն նպաստում խաղաղ բանակցություններին և չեն մոտեցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման պահը։
Նա հույս է հայտնել, որ խաղաղ բանակցությունները կշարունակվեն։
Ադրբեջանը փետրվարի 13-ի առավոտյան հերթական ագրեսիան է իրականացրել Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանական զինուժը Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացել, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։