Ներքին Հանդում տեղի ունեցածը լայնածավալ գործողության չի վերածվի, սահմանային միջադեպ է․ Հայկ Նահապետյան
Սյունիքի մարզի Ներքին Հանդում տեղի ունեցածը սահմանային միջադեպ է և տեղային կամ լայնածավալ որևէ ռազմական գործողության չի վերածվի։
Tert.am-ի հետ զորւյցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Սա բանակում «բարդակ»-ի հերթական դրսևորումն է։ Կարող եմ նորից կրկնել, որ սա ոչ մի լայնածավալ գործողության էլ չի վերածվի։ Ադրբեջանի կողմից ոչ մի գործողություն էլ չի լինի»,- հավելեց նա։
Փորձագետը թերահավատ է Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունների վերաբերյալ։ Ըստ նրա՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում։
«ՊՆ-ն իրականությունից հեռու իրավիճակ է ներկայացնում։ ՊՆ-ն իրարամերժ հաղորդագրություններ է ներկայացնում։ Սովորաբար հաղորդագրության մեջ լինում է գրված, որ համարժեք պատասխան են տվել, իսկ հիմա բացակայում է։ Իրականությունն այն չէ, ինչ որ ՊՆ-ն ներկայացնում է։
Պատկերացրեք՝ ադրբեջանական կողմը սկսում է կրակել, ունենք զոհ և վիրավոր։ Նման դեպքերում հաղորդվում էր, որ հակառակորդը սադրել է, և մենք էլ տվել ենք համարժեք պատասխան, սա ՊՆ-ի հաղորդագրությունների մեջ բացակայում է»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը, սակայն, ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: