Իսրայելը հայտնել է հոկտեմբերի 7-ից Գազայում 12 հազար սպանված զինված արմատականների մասին
Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են ավելի քան 12 հազար զինված արմատականների այն պահից, երբ անկլավում սկսվել են ռազմական գործողությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հրեական պետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էյլոն Լևին։
«ՀԱՄԱՍ»-ի գումարտակների երեք քառորդն արդեն ոչնչացվել է, ավելի քան 12 հազար ահաբեկիչ է սպանվել: Հաշվի առնելով վիրավորված և կալանավորված ահաբեկիչներին՝ «ՀԱՄԱՍ»-ի մարտական անձնակազմի կեսը դուրս է բերվել մարտական գործողություններից»,- ասել է Լևին։
Նա ընդգծել է, որ «ՀԱՄԱՍ»-ն այդ պատերազմը սկսել է 24 գումարտակով, որոնցից 18-ն արդեն լուծարվել է, ևս 2-ը գրեթե ավերված է Խան Յունիսում, 4 գումարտակ մնացել է Ռաֆահում:
Լևին հիշեցրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է զինվորականներին Ռաֆահից խաղաղ բնակչության տարհանման ծրագիր ներկայացնել նախքան այդ քաղաքում մնացած «ՀԱՄԱՍ»-ի գումարտակների դեմ գործողությունը։
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի գործակալություններին համագործակցել Իսրայելի հետ խաղաղ բնակիչներին «ՀԱՄԱՍ»-ից պաշտպանելու և նրանց տարհանելու պատերազմական գոտիներից, որտեղ ահաբեկիչները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան»,- հավելել է Էյլոն Լևին։