ՔՊ-ի ներսում ներքին պայքարը կարող է հանգեցնել պալատական հեղաշրջման. Արգիշտի Կիվիրյան
Երբ կա ընդդիմություն, ընդդիմությունը ստիպում է իշխանությանն զգոն լինել, հիմա ընդդիմություն չկա, ու ՔՊ-ի ներսում պայքար է գնում ավելի լայն իշխանության համար. այդ ներքին պայքարը կարող է հանգեցնել պալատական հեղաշրջման: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Նման բան Հայաստանում էլ է եղել: 1996-ին կար ընդդիմությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց ուժային ձեւով ընդդիմությանը ջախջախել: Դրանից հետո իր թիմի ներսում իրարք իրար կերան եւ ինքը հրաժարական տվեց»,-ասաց նա:
Արգիշտի կիվիրյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ, հիմա կգնա սրացումների. «Սա զարգացումների սկիզբն է: Դրանով է պայմանավորված, մի կողմից Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում իրականացնում է ռեւիզիա, մյուս կողմից, ձգում է այդ գայկաները: Ինքը փորձում է իրականացնել թիմի ռեւիզիա եւ դրանից հետո կոնսոլիդացիա: Այս ամենի պատճառն այն է, որ իշխող թիմը չի ձեւավորվել: Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ մնացածը ուսապարկեր են, նրանք էլ փորձում են դիմադրել»,-ասաց նա:
Կիվիրյանը նկատեց, որ սա բնական քաղաքական գործընթաց է, որը նոր է սկսվում: «Նիկոլ Փաշինյանն ունի նաեւ իր ֆիշկան. Նա կարողացել է ԱԺ իր թիմից դուրս ձեւավորել երկրորդ թիմը, դա այսպես կոչված արեւմտամետներն են: Նրանք, ինչ-որ առումով, փորձում են ինքնուրույն խաղալ, բայց Նիկոլ Փաշինյանից կախվածության մեջ են: Նիկոլն է նրանց գործոն սարքել: Նիկոլը ՔՊ-ին ցույց է տալու, որ եթե դուք ձեզ խելոք չպահեք, կգնամ նոր ընտրությունների ու կձեւավորեմ լրիվ նոր թիմ, դուք ոչ ոք եք»,- ասաց նա: