Կոռուպցիան հո պոզով պոչով չի լինում, կոռուպցիան սա է. 2 խոշոր կոռուպցիոն բացահայտում՝ կապված ՔՊ-ի հետ (տեսանյութ)
Այս պահի դրությամբ եղել է առնվազն 2 խոշոր կոռուպցիոն բնույթի բացահայտում, որոնք ուղղակի կապված են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, բայց առ այսօր որևէ իրավական գործընթաց դրանց հետ կապված տեղի չի ունեցել։ Այս մասին ԱԺ-ում հրավիրված «Երևանը և կոռուպցիան» խորագրով աշխատանքային քննարկման ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ առաջին բացահայտումը տեղի է ունեցել 2023 թ-ին՝ «TM Audit» ընկերության կողմից։
«Երբ նրանք ներկայացրեցին իրենց տարեկան հաշվետվությունը, պարզ դարձավ, որ կան 525 նվիրատուներ, որոնց անունները անհայտ են, սա այն դեպքում, երբ ՔՊ-ի ներկայացուցիչները ընդդիմություն եղած ժամանակ պահանջում էին, որ Երևան հիմնադրամին 100 հազար դրամ և ավել նվիրաբերած բոլոր նվիրատվությունները լինեն բաց և թափանցիկ, նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի հասանելի։
Հիմա այդ նույն կուսակցության ներկայացուցիչներըւ այնպիսի համակարգ են կառուցել, որտեղ 525 անանուն նվիրատուներ են ի հայտ եկել»,- նշել է պատգամավորը։
Նա ընդգծեց, որ երկրորդ խոշոր պայթունը տեղի ունեցավ 2023 թ-ի հուլիսի 30-ի դրամահավաքից հետո, երբ պարզվեց, որ ՔՊ-ի կողմից կազմակերպված դրամահավաքի ժամանակ նվիրատվությունները, որի արդյունքում հավաքվել էր 264 հազար դոլար, տեղի են ունեցել խիստ կասկածելի պայմաններում։ Ընդ որում՝ կան քաղաքացիներ, որ իրենք էլ տեղյակ չեն որ իրենք նվիրատվություն են արել ՔՊ-ին։
Մենք նկատեցինք նաև, որ կան գործարարներ, որոնք նվիրատվութուններ են արել ՔՊ-ին, օրինակ, «Երեմյան պրոդաքշնը», որը նվիրատվությունից հետո պետության հոգածության պայմաններում Տաշիրում կառուցում է խելացի անասնագոմ։
Այսինքն, մի կողմից գործարարը նվիրատվություն է կատարում, մյուս կողմից ստանում պետությունից հստակ աջակցություն, և ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ կոռուպցիան հո պոզով պոչով չի լինում, կոռուպցիան սա է»,- ասաց Թ.Թովմասյանը։
Նկատենք, որ քննարկմանը ներկա են նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵՄ գրասենյակից, ԱՄՆ դեսպանատնից, հասարակական կազմակերպությունների, Երեւանի ավագանու, ոստիկանության ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ։