Ղրղզստանի նախագահը ԱՄՆ-ին խնդրել է չմիջամտել հանրապետության գործերին
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը կոչ է արել ԱՄՆ-ին եւ այլ երկրների չմիջամտել հանրապետության ներքին գործերին եւ օբյեկտիվորեն գնահատել այնտեղ տեղի ունեցող գործընթացները։
«Ես նաեւ ցանկանում եմ ընդգծել, որ մենք հանդես ենք գալիս իրավահավասար համագործակցության օգտին եւ պատրաստ ենք աշխատել միասին բոլոր երկրների եւ միջազգային գործընկերների, այդ թվում եւ ԱՄՆ-ի հետ։ Իմ միակ խնդրանքն է՝ մի միջամտեք մեր երկրի ներքին գործերին»,- գրել է նա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղած պատասխան նամակում, որը հրապարակել է նախագահի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը։
Մինչ այդ Բլինքենը Ղրղզստանի նախագահին ուղերձ էր հղել, որում մտահոգություն էր հայտնել երկրում հասարակական կազմակերպությունների մասին օրենքի առիթով, որի ընդունումը, ըստ պետքարտուղարի, բացասաբար կանդրադառնա հանրապետության քաղաքացիական հասարակության վիճակի վրա։ Այժմ այդ օրինագիծը քննարկվում է խորհրդարանում։
Ժապարովը նաեւ ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ ներկայացուցիչը ոչ օբյեկտիվ տեղեկություններ ունի Ղրղզստանում մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակի մասին։ Նրա կարծիքով՝ ՀԿ-ների մարդկանց թվով ոչ մեծաքանակ, բայց «շատ աղմկարար խումբն» է, որը ֆինանսավորվում է օտարերկրյա պետությունների կողմից, «շահարկում իր դժվարություններն ու հալածանքները», ինչն իր հերթին ստիպում է նրանց հովանավորող օտարերկրյա կառույցներին պաշտպանել նրանց եւ մսխել ԱՄՆ եւ Եվրամիության երկրների հարկատուների փողերը»։ Այդ ոչ կառավարական կառույցները հաճախ տարածում են «կեղծ, ոչ հավաստի տեղեկություններ ժողովրդի մեջ, ինչը հանգեցնում է դատավարությունների տուժածների հայցերով»։ «Ինչի առնչությամբ ես առաջարկում եմ իրականացնել ԱՄՆ կառավարական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական եւ ոչ առեւտրային կազմակերպությունների ֆինանսական միջոցների օգտագործման հաշվեքննում, գոնե վերջին 10 տարիների վերաբերյալ»,- ընդգծել է Ժապարովը։
Բացի այդ, նախագահը Բլինքենին հրավիրել է այցելել Բիշքեկ, որպեսզի «իր աչքով տեսնի, որ մարդու իրավունքներն ու ազատությունները Ղրղզստանում հանրապետության Սահմանադրության եւ օրենքների հուսալի պաշտպանության տակ են»։