Չեմ ուզում մտածել, որ այդտեղ քրեական տարր կա, բայց անպատասխանատուները չպիտի մեզ հետ աշխատեն. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ այսօր՝ փետրվարի 12-ին, քաղաքապետ Տիգրան Ավինյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 մետաղական կմախքով տերասային տախտակներով պատրաստված նստարանների վերաբերյալ զեկուցվեց, որ արտադրողի կողմից տրվել է տեղեկանք տախտակների մշակման փուլերի վերաբերյալ, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ նստարանները և տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, իսկ որակի վերաբերյալ նշվեց, որ այն չի համապատասխանում պահանջված որակին և գնին:
Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել` դրանք վերականգնելու կամ փոխարինելու համար. «Ենթադրյալ պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա»՞,-ասաց նա:
Քաղաքապետին զեկուցվեց, որ վերջինս պարտավորվել է 20 օրում վերացնել թերությունները:
«Ես ուղղակի պետք է խնդրեմ, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, որովհետև դուք ունեք աշխատակիցներ եւ ենթադրվում է, որ որոշ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել, թերացել են, հետևապես համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Եթե երևանցիներն ինչ-որ բանի համար վճարում են, դրան պետք է պատասխանատվությամբ վերաբերվել: Ես չեմ ուզում կանխվարկած ունենալ, որ այդտեղ քրեական տարրեր կան, բայց այնուամենայնիվ, եթե նույնիսկ դա անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքին, այդ մարդիկ չպետք է մեզ հետ աշխատեն»,- ասաց քաղաքապետը: