ՀՀ անվտանգության, հարատևության և հարաբերությունների հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը. վարչապետ
ՀՀ անվտանգության, հարատևության և հարաբերությունների հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ և ներքին, և արտաքին առումներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի Աշտարակում փետրվարի 10-ին տեղի ունեցած նիստում:
Պարզաբանելով վարվող քաղաքականության լեգիտմության էությունը՝ վարչապետն անդրադարձել է ՀՀ տարածքի վերաբերյալ պատկերացումների հստակեցման կարևորությանը:
«Ես կարծում եմ, որ մենք շատ հստակ և աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը, և մենք մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա»,-մանրամասնել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա արձանագրված է ՀՀ տարածքի վերաբերյալ 1991 թվականից ի վեր գոյություն ունեցող փաստաթղթերի մեջ:
Վարչապետն ընդգծել է, որ այս լեգիտիմության հենքով քաղաքականությունը, որ հիմնված է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի ու սահմանների վրա, շատ կարևոր գործիք է արտաքին անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև՝ պաշտպանության մեխանիզմների մեծացման՝ այդ թվում՝ միջազգային իրավական ընթացակարգերով ու իրավունքով պաշտպանվածության տեսանկյունից:
«Մենք պետք է մեր քաղաքականությունները հենց այս հենքի վրա դնենք, որպեսզի ապահովենք ՀՀ հարատևությունը միջազգային, իրավական, տարածաշրջանային և սոցիալ-հոգեբանական առումներով»,- շեշտել է նա: