Եգիպտոսը սպառնացել է դադարեցնել խաղաղության պայմանագիրը Իսրայելի հետ՝ Ռաֆահ զորքեր մտցնելու դեպքում
Եգիպտոսը սպառնացել է դադարեցնել իր հաշտության պայմանագիրը Իսրայելի հետ, եթե իսրայելական զորքերը մտնեն Գազային սահմանակից խիտ բնակեցված Ռաֆահ քաղաքը, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով եգիպտական և արևմտյան աղբյուրները։
Կահիրեն կարծում է, որ այնտեղ մարտերը կարող են հանգեցնել դեպի տարածք մարդասիրական օգնության հիմնական ճանապարհի փակմանը, ասել են աղբյուրները:
Շուրջ կես դար տարածաշրջանային կայունության հիմնաքար հանդիսացող Քեմփ-Դեվիդի համաձայնագրերը կասեցնելու սպառնալիքը ծագել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ասաց, որ Ռաֆահ զորքերի ուղարկումն անհրաժեշտ է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ պատերազմում հաղթելու համար:
Ավելի վաղ Քաթարը, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ, այդ թվում՝ արևմտյան երկրները, նույնպես զգուշացրել էին լուրջ հետևանքների մասին, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ։
Գազայի 2,3 միլիոն բնակիչների կեսից ավելին փախել է Ռաֆահ՝ մարտական գործողություններից խուսափելու համար և տեղավորվել է ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող սահմանի մոտ գտնվող հսկայական վրանային ճամբարներում և ապաստարաններում: Եգիպտոսը վախենում է հարյուր հազարավոր պաղեստինցի փախստականների զանգվածային հոսքից, որոնց, հնարավոր է, երբեք թույլ չտան վերադառնալ:
ԱՄՆ-ի երկու մերձավոր դաշնակիցների՝ Իսրայելի և Եգիպտոսի միջև դիմակայությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդասիրական կազմակերպությունները զգուշացնում են, որ Ռաֆահի հարձակումը կվատթարացնի առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը Գազայում, որտեղ բնակիչների մոտ 80%-ը լքել է իրենց տները և որտեղ, ըստ ՄԱԿ-ի, բնակչության քառորդ մասը սովի սպառնալիքի տակ է։