Վահե Գրիգորյանը մտադիր է ՄԻԵԴ գնալ ու ոչ թե ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հակասահմանադրական լինելն արձանագրել
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը շարունակում է մնալ առկախված։ Շուրջ երկու տարի ՍԴ վարույթում գտնվող գործով որոշում առ այս պահը չի կայացվել, ասել է թե՝ գործը տեղադրել են դարակներից մեկում և մոռացել գոյության մասին։
Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Մասնագիտական հանրությունը բազմիցս մտահոգություններ է հայտնել օրենքի առնչությամբ՝ վիճարկելով դրա սահմանադրականության հարցը։ Արդյունքում, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում։
ՍԴ-ն 2022թ․ հուլիսի 8-ին աշխատակարգային որոշում էր կայացրել՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վենետիկի Հանձնաժողով դիմելու մասին և կասեցրել էր վարույթը։ Նշենք, որ ՍԴ-ն չորս հարց է հղել Վենետիկի հանձնաժողովին, որոնց վերաբերյալ էլ ստացել է պատասխան, սակայն պատգամավորների բարձրացրած հարցերը, օրինակ, դատախազության լիազորությունների համատեքստում, չի բարձրացվել ՍԴ-ի կողմից։ Ավելին, բարձրացված հարցերի շուրջ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո էլ ՍԴ-ն դեռևս չի քննում գործը։ 2023թ․ հուլիսի 7-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ որոշել է վերսկսել վարույթը, ապա՝ նույն օրը մեկ այլ որոշմամբ՝ կրկին կասեցրել վարույթը։ Այս անգամ ՍԴ-ն հարցեր է ուղղել ՀՀ գլխավոր դատախազությանը, որոնց պատասխանը ստանալուց հետո կվերսկվի վարույթը։ Դեռևս պարզ չէ՝ այս ամիսներին դատախազությունն արդյո՞ք ներկայացրել է հայցվող տեղեկության պատասխանները, թե ոչ։
Ի դեպ, նշված վարույթով զեկուցողը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է, որն առանձնապես հակված էլ չէ գործերի քննության ընթացքում ջանասիրություն ցուցաբերել։ Խնդիրն այն է, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, Վահե Գրիգորյանը մտազբաղ է օր առաջ ՄԻԵԴ ՀՀ դատավոր նշանակվելու նպատակով և իր բոլոր ջանքերն ուղղված են բացառապես դրան, ուստի, իր վարույթում գտնվող գործերը մղված են երկրորդ պլան։
Այդուհանդերձ, մինչ ՍԴ-ն կքննի գործը և կկայացնի որոշում, ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն թվով 98 հայցադիմում է ներկայացրել դատարան։ Որևէ մեկով դեռևս որևէ դատավճիռ կայացված չէ, հայցադիմումներից միայն 7-ն է գտնվում բուն դատաքննության փուլում։ Թեև մասնագիտական հանրությունը հակված է կարծելու, որ առաջիկայում դժվար թե ականատես լինենք դատավճիռների՝ նկատի ունենալով օրենքի կարգավորումների խնդրահարույց լինելը, դատարանների վարույթում գտնվող գործերից երկուսով արդեն հաշտություն է կնքվել։ Ասել է թե՝ պատասխանող կողմն ինքնակամ որոշել է համաձայնել և հանձնել դատախազության կողմից վիճարկվող գույքը, ամենայն հավանականությամբ, օր առաջ քաշքշուկներից ազատվելու համար։ Օրենքի խնդրահարույց դրույթներին «Փաստինֆո»-ն առավել մանրամասն կանդրադառնա առաջիկայում։