Հարձակում Սոմալիի մայրաքաղաքի ռազմաբազայի վրա. չորս զինծառայող է զոհվել
Ահաբեկչական «Աշ-Շաբաբ» խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով Սոմալիի մայրաքաղաքի ռազմաբազայում ուսումնական առաքելության ժամանակ զոհվել են Արաբական Միացյալ Էմիրությունների երեք զինվոր և բահրեյնցի մեկ սպա, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Հարձակման հետևանքով վիրավորվել է ևս երկու մարդ։
Շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման թիրախ են դարձել Մոգադիշոյում գտնվող «Գեներալ Գորդոն» ռազմաբազայի զինվորականները: Հարձակման մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մուհամուդը ցավակցություն է հայտնել ԱՄԷ-ին հարձակման հետևանքով նրա զինծառայողների զոհվելու կապակցությամբ:
«Աշ-Շաբաբ»-ը Սոմալիում սուննի իսլամական ծայրահեղական խմբավորում է, որն առաջացել է 1991 թվականի քաղաքացիական պատերազմից հետո երկրում երկարատև անիշխանության հետևանքով: Այս խմբավորումը ժամանակին իր տիրապետության տակ է պահել Մոգադիշոն: Ժամանակի ընթացքում Աֆրիկյան միության գլխավորած ուժերը ԱՄՆ-ի և այլ երկրների աջակցությամբ գրոհայիններին դուրս են մղել Մոգադիշոյից: Այդ ժամանակից ի վեր «Աշ-Շաբաբը» շարունակում է ռազմական սպառնալիք մնալ Սոմալիում: