Ոտքի հանեք ժողովրդին և գործեք, այլապես Հայաստանին կսպասի Արցախի ճակատագիրը՝ շատ ավելի վատ հետևանքներով. հայտարարություն
Միավորվեք մեկ նշանաբանով՝ ով դեմ է գործող իշխանության կողմից տարվող քաղաքականությանը, նա դաշնակից է այս գլխավոր պայքարում: Ներկայացրեք հասարակությանը ձեր ծրագիրը, ոտքի հանեք ժողովրդին և գործեք: Այլապես մոտալուտ ապագայում Հայաստանին կսպասի Արցախի ճակատագիրը՝ շատ ավելի վատ հետևանքներով, քանի որ ոչ փախչելու տեղ կա, ոչ էլ տարհանվելու: Այս մասին հայտարարություն է տարածել «Որդիների Կանչ» ՀԿ-ն:
«Հարգելի այս ազգակործան իշխանությանը ընդդիմադիր ուժեր, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, կուսակցություններ,ՀԿ-ներ, Շարժումներ, լրագրողներ, լրատվականներ, մեդիաներ, բլոգերներ, ակտիվ, երկրի ճակատագրով մտահոգ և տառապող հայրենասեր հայրենակիցներ: Դադարեք մեկնաբանել իշխանության ազգադավ մտքերը, պետությունը մասնատելու, ժողովրդին պառակտելուն ուղղված լրատվական դաշտ միտումնավոր նետված մեկը մյուսից աբսուրդի հասնող անընդունելի և իհարկե դատապարտելի թեզերը:
Գիտենք, գիտենք, գիտենք այդ ամենը և հասկանում ենք: Սակայն բավ է սպասարկել թրքահպատակ իշխանության օրակարգերը: Միևնույնն է, դրանով ազգի ճակատագրով մտահոգ քաղաքացիները չեն շատանում, ովքեր պատրաստ կլինեն ոտքի կանգնել հանուն իրենց արժանապատվության, հանուն հայ մնալու,հանուն պետության ազատության ու անկախության, ինչի համար իրենց կյանքը զոհաբերեցին հազարավոր մեր որդիները: Որովհետև, ովքեր դա հասկացել են, արդեն հասկացել են, և 3 տարին ու 3 ամիսը ավելի քան բավարար էր դա հասկանալու և դրանում համոզվելու համար:
Ազգի նվիրյալների սրտերը էլ չեն դիմանում հայրենիքի երկիրն ու երկինքը պատած այս ճնշող ու գարշելի մթնոլորտին:
Դարձեք մեկ վճռական ուժ, միավորեք ձեր բոլոր տեսակի ռեսուրսները, մի կողմ դրեք ձեր բոլոր ամբիցիաներն ու քեները, մեղավորների փնտրտուքը: Դրանով միայն վնաս էք տալիս պետության փրկության գործին: Խոսեք մեկ լեզվով, իրար հարգելով և հանդուրժելով, և միայն մեկ թեմայի շուրջ՝ ինչպես հեռացնել պետությունը կործանող իշխանությանը, սա՛ պետք է լինի ամբողջ ըննդիմադիր դաշտի օրակարգը, սկսած լրագրողներից, լրատվականներից, վերջացրած սոց. ցանցերի օգտատերերով, և գործադրեք դրա իրականացման համար ձեր բոլոր ջանքերը, այլ ոչ թե առավոտից առավոտ մեկնաբանեք այս կամ այն՝ իրենց արդեն վիլայեթական պաշտոնյաներ երևակայած ազգադավների հայտարարություններն ու անհեթեթությունները։ Դրանով դուք սպառում եք ձեր էներգիան ու ցասումը՝ իրական պայքարի համար տակը բան չթողնելով ։
Միավորվեք մեկ նշանաբանով՝ ով դեմ է գործող իշխանության կողմից տարվող քաղաքականությանը, նա դաշնակից է այս գլխավոր պայքարում: Ներկայացրեք հասարակությանը ձեր ծրագիրը, ոտքի հանեք ժողովրդին և գործեք: Այլապես մոտալուտ ապագայում Հայաստանին կսպասի Արցախի ճակատագիրը՝ շատ ավելի վատ հետևանքներով, քանի որ ոչ փախչելու տեղ կա, ոչ էլ տարհանվելու»։