Թեհրանում հաջորդ շաբաթ տեղի կունենա հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը։ Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից՝ միջոցառման ընթացքում Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ուղերձով։
Նա շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն՝ հիմնված փոխադարձ վստահության, հարգանքի և անկեղծ բարեկամության վրա:
Փոխվարչապետը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ակտիվ երկխոսությունը, ինչը նպաստում է Հայաստան-Իրան փոխգործակցության կայուն զարգացմանը:
«Մեր երկրների կառավարությունները դրսևորում են անհրաժեշտ քաղաքական կամք և գործադրում են բոլոր ջանքերը քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և միջպետական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Ասվածի վառ ապացույցն է մեր երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգը:
Ողջունում ենք իրանական ընկերությունների հետաքրքրվածությունն ու գործնական ներգրավվածությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը կյանքի կոչելու գործում: Չափազանց կարևորում ենք նաև Հայաստանի և Իրանի ղեկավարների, ինչպես նաև մեր գործադիր ու օրենսդիր իշխանությունների միջև հաստատված սերտ շփումներն ու կառուցողական համագործակցությունը»,-ասել է Գրիգորյանը։
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Իրանի նախագահի տեղակալ հարգարժան Դավուդ Մանզուրի և իր համանախագահությամբ Թեհրանում կկայանա հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը:
«Վստահ եմ, որ նիստի շրջանակներում հնարավորություն կունենանք քննարկել առանցքային մի շարք հարցեր, ամփոփել կատարված աշխատանքը, ինչպես նաև նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային նոր ծրագրեր:
Իրանը մեզ համար կարևոր գործընկեր է, որի հետ ունեցած բարեկամական և կառուցողական հարաբերությունները ոչ միայն բարիք են ստեղծում մեր ժողովուրդների համար, այլև լրջագույն գործոն են ողջ տարածաշրջանում կայունություն ու զարգացում ապահովելու համար: Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր կառավարությունը բարձր է գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ:
Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ բարեկամ Իրանի ժողովրդին: Լիահույս եմ, որ պատմական հնարավորություն ունենք համատեղ ջանքեր գործադրել և պատրաստ ենք դրանք գործադրել՝ մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության»,-եզրափակել է Գրիգորյանը։