Շմոլ գազով թունավորում․ ինչպես օգնել
Շմոլ գազից թունավորումն առաջանում է, երբ արյան մեջ կուտակվում է ածխածնի օքսիդ:
Երբ օդում պարունակվում է չափազանց շատ ածխածնի մոնօքսիդ (CO), արյան կարմիր բջիջներում (էրիթրոցիտներ) թթվածինը փոխարինվում է ածխածնի մոնօքսիդով: Սա կարող է հանգեցնել հյուսվածքների լուրջ վնասման կամ նույնիսկ մահվան:
Ածխածնի մոնօքսիդը գազ է, որը չունի հոտ, համ և գույն և չի գրգռում շնչուղիները: Այն առաջանում է վառելիքի այրման, հատկապես՝ թերայրման արդյունքում, ներառյալ գազը, փայտը, պրոպանը կամ փայտածուխը: Սարքավորումները, մեքենաների շարժիչները, գազօջախները կամ այլ կենցաղային սարքերը, որոնք օգտագործում են ածխածնի հիմքով վառելիքներ և լավ չեն օդափոխվում, կարող են հանգեցնել գազի կուտակման վտանգավոր մակարդակի: Կիպ փակ տարածքը ավելի է վատթարացնում նման կուտակումը:
Յուրաքանչյուր ոք, ով ենթարկվում է ածխածնի մոնօքսիդի ազդեցությանը, պետք է անմիջապես դուրս գա մաքուր օդի և դիմի բուժօգնության: Անմիջապես պետք է դիմել նաև մոտակա անհետաձգելի բուժօգնության ծառայություն, եթե ածխածնի մոնօքսիդի ազդեցության ենթարկված անձը կոմայի մեջ է կամ չի կարող արձագանքել ձեր հարցերին ու ազդակներին:
Շմոլ գազով կամ ածխածնի մոնօքսիդով թունավորումն առավելապես ազդում է գլխուղեղի և սրտի վրա։
Ժամանակի ընթացքում շմոլ գազի ազդեցությունը կարող է հանգեցնել ախտանիշների, որոնք կարող են շփոթվել առանց ջերմության ընթացող գրիպի հետ:
Ածխածնի մոնօքսիդի թունավորման ավելի հստակ ախտանիշները կարող են ներառել՝
գլխացավ՝ բութ, շարունակական, առավել կենտրոնացված ճակատային շրջանում,
թուլություն,
գլխապտույտ,
սրտխառնոց կամ փսխում,
շնչարգելություն և հևոց,
շփոթվածություն և իրականության աղճատված ընկալում,
մշուշոտ տեսողություն,
քնկոտություն,
մկանային վերահսկման կորուստ,
գիտակցության կորուստ:
Նյարդային համակարգի և գլխուղեղի հետ կապված ախտանիշները կարող են ի հայտ գալ նաև ածխածնի մոնօքսիդի թունավորումից վերականգնվելուց հետո: Նման վիճակի ռիսկն ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր կորցրել են գիտակցությունը և տարեց մարդկանց մոտ:
Ախտանիշները կարող են ներառել՝
հիշողության կորուստ,
անձնային փոփոխություններ,
շարժողական խնդիրներ:
Ածխածնի մոնօքսիդով թունավորումը կարող է հատկապես վտանգավոր լինել այն մարդկանց համար, ովքեր քնած են, հարբած կամ թմրամիջոցների ազդեցության տակ: Շմոլ գազը կարող է գլխուղեղի ծանր վնասման կամ մահվան պատճառ դառնալ՝ նախքան որևէ մեկը կհասկանա, որ խնդիր կա, փոխանցում է Aysor.am-ը։