Պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ղարաբաղցի հայերի վերադարձի գործընթացին․ Միխայիլ Գալուզին
Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը․ դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով արցախահայերի իրավունքներին և նրանց՝ Արցախ վերադառնալու հնարավորություններին։
«Ինչպես հայտնի է, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած բախումների արդյունքում Ղարաբաղն անցել է Բաքվի լիակատար վերահսկողության տակ։
Նշենք, որ սեպտեմբերյան հիշյալ իրադարձությունները վակուումում չեն եղել։ Հայկական կողմը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։ Միաժամանակ, այն ժամանակ չլուծվեց շրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը։
Այժմ Ղարաբաղը ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր։ Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- նշել է նա։
Գալուզինը հայտնել է նաև, որ Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանում և Հայաստանում հյուպատոսական ներկայության ընդլայնման հարցի վրա։