Մեր և Բաքվի միջև երբևէ չի եղել «տեղային» խնդիր, սա կենաց մահու պայքար է․ Ոսկանյան
Մեր և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև իրականում երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած Արցախի, Նախիջևանի, ինչ-որ սահմանազատման կամ մեկ այլ «տեղային» խնդիր։ Տելեգրամի իր ալիքում գրել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Հարցը շատ ավելի տարողունակ և բազմաշերտ է՝ լայն իմաստով կենաց ու մահու պայքար Հայաստանի և առայժմ պատրանքային Թուրանի պլացդարմ արհեստածին Ադրբեջանի միջև, որը սկսվել է 20-րդ դարասկզբից և երբեք (նույնիսկ խորհրդային շրջանում) չի դադարել և չի դադարելու մինչև կողմերից մեկի փաստացի չգոյությունը։
Կամ-կամի հստակ ընդգծմամբ պայքարի այս բուն էությունը հիանալի հասկացել է Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը գերկենտրոնացված քարոզչամեքենայի միջոցով այն դարձրել է լայն հանրության մտքերում գերիշխող աշխարհացքային տարր, մինչդեռ մենք, ցավալիորեն, «դեգերում ենք» նաև գաղափարական տիրույթում՝ նույնիսկ վերնախավերի մակարդակում կասկածի տակ առնելով թվում է, թե պարզ և դառնորեն ապացուցված այս ճշմարտությունը»,- գրել է Ոսկանյանը: