Հատիկավոր կակաոյի գները նոր ռեկորդ են սահմանել Արևմտյան Աֆրիկայում երաշտի պատճառով
Հատիկավոր կակաոյի ֆյուչերսները պատմական առավելագույն մակարդակի են հասել, քանի որ կան մտահոգություններ, որ Արևմտյան Աֆրիկայում երաշտի պատճառով բերքատվությունը ցածր կլինի։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Հատիկավոր կակաոյի ֆյուչերսները Նյու Յորքում փետրվարի 8-ին մեկ տոննայի դիմաց հասել են 5874 դոլարի։ Անցյալ տարվա սկզբից գնանշումները գրեթե կրկնապատկվել են։
«Թրեյդերները երկյուղում են, որ բերքի առումով ևս մեկ վատ տարի կլինի, և այդ մտավախությունները հաստատում է Էլ Նինյո երևույթը, որը սպառնում է Արևմտյան Աֆրիկայում կակաոյի բերքահավաքին՝ շոգ, չոր եղանակի պատճառով», - մեջբերում է «Ինտերֆաքս»-ը Price Futures Group-ի վերլուծաբան Ջեք Սքովիլի խոսքերը:
Փետրվարի 8-ին Hershey Co.-ն՝ աշխարհում շոկոլադի խոշորագույն արտադրողներից մեկը, նախազգուշացրել էր, որ «կակաոյի ռեկորդային գները, ինչպես ակնկալվում է, կսահմանափակեն մեր շահույթների աճն այս տարի»: