Բայդենն արձագանքել է հատուկ դատախազի զեկույցին՝ ասելով, որ իր «հիշողությունը լավ է»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդեպ մեղադրանք չի առաջադրվի 2017 թվականին փոխնախագահի պաշտոնը լքելու ժամանակ գիտակցաբար գաղտնի փաստաթղթեր վերցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատախազին։
Հատուկ դատախազ Ռոբերտ Հուրը զեկույցում ասել է, որ 15 ամիս տևած հետաքննությունից հետո հրաժարվել է քրեական մեղադրանք ներկայացնելուց, քանի որ Բայդենը համագործակցել է, և նրան դժվար կլինի մեղադրանք առաջադրել։ Հատուկ դատախազը Բայդենին բնութագրել է որպես «լավ մտադրություններ ունեցող տարեց մարդ՝ վատ հիշողությամբ»։
Այս զեկույցի հրապարակումից հետո Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է լրագրողների հետ՝ նշելով, որ իր «հիշողությունը լավ է»։ Բայդենը նաև անդրադարձել է զեկույցում նշված այն պնդմանը, թե ինքը չի հիշել իր որդու մահվան օրը։
«Այնտեղ նշվում է, որ ես չեմ հիշում, թե երբ է մահացել իմ որդին։ Ինչպե՞ս է նա համարձակվել այդ հարցը բարձրացնել», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ջո Բայդենը նաև հիշատակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որը նույնպես մեղադրվում է գաղտնի փաստաթղթերի հետ սխալ վարվելու համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ ի տարբերություն իրեն, Թրամփը չի վերադարձրել գաղտնի փաստաթղթերը։
2022 թ․ նոյեմբերին Բայդենի հետ կապված վերլուծական կենտրոնում գտել էին Բայդենի փոխնախագահության տարիներին (2009-2017 թթ․)առնչվող գաղտնի փաստաթղթեր։ Ըստ օրենքի՝ նա պետք է դրանք հանձներ պաշտոնից հեռանալու ժամանակ։
Բայդենը նաև պատասխանել է լրագրողի հարցին՝ արդյոք չէր կարող իր փոխարեն Դեմոկրատական կուսակցությունից այլ թեկնածու առաջադրվել նախագահական ընտրություններին` հաշվի առնելով նրա տարիքի հետ կապված մտահոգությունները։
«Ես ամենաորակավորված մարդն եմ այս երկրում՝ լինել Միացյալ Նահանգների նախագահը», - ասել է Բայդենը՝ հավելելով, որ պետք է ավարտի այն գործը, որը սկսել է։