Անտառհատման հերթական ապօրինի դեպքն է բացահայտվել
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունն անտառհատման հերթական ապօրինի դեպքն է բացահայտել ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության առաջին և երկրորդ պահաբաժիններում հայտնաբերել են մեծ թվով հատված հացենի և այլ տեսակի ծառեր, հատված ծառերի կոճղեր, այնուհետև Աչաջուր գյուղի հարակից տարածքում շահագործվող 15 ածխահոր և այդ ածխահորերի հարևանությամբ կուտակված 68,6 խմ հատված հացենի և այլ տեսակի փայտանյութ, 82 պարկ փայտածուխ:
Հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր հիմնականում առկա չեն եղել:
Պետությանը պատճառված նախնական վնասի չափը հնարավոր կլինի ներկայացնել ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված արձանգրության հիման վրա։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
Հիշեցնենք, որ վերջին 3 օրերի ընթացքում Տավուշի մարզում էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից ածխահորերի շահագործման և մեծ թվով հատված փայտանյութի հայտնաբերման արդեն երկրորդ դեպքն է։