Եթե այսօր սահմանը բացենք, իսկ վաղը հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի, մենք ստիպված կլինենք նորից փակել այն. Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության շրջանակներում կատարած Երևան այցի ընթացքում տարածաշրջանին վերաբերող իր դիտարկումներն է ներկայացրել թուրքական «Հյուրիյեթ» թերթի լրագրող Ջանսու Չամլըբելին:
Լրագրողը նշում է, որ Երևանի ճանապարհին Դավութօղլուն չի թաքցրել, որ երկու երկրների միջև խոչընդոտները հաղթահարելու համար կառուցողական առաջարկների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Դավութօղլուն նշելով, որ այդ առումով Բաքվից էլ վերջին ամիսներին դրական ուղերձներ են ստացել, այնուամենայնիվ, խուսափել է մանրամասները հայտնել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական թերթը ներկայացնում է Դավութօղլու մոտեցումները.
«Մեր նպատակը միայն Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը չէ, այլ նաև ձևավորել մի ամբողջական մոտեցում, որը Կովկասում խաղաղություն կբերի: Այդ գործը 3 անկյունաքար ունի»:
1. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ
«Մենք Բաշար Ասադի հետ բարեկամ էինք, սակայն այժմ չեմ կարող Դամասկոս մեկնել այնպես, ինչպես եկա Երևան։ Անգամ բարևելն է այժմ դժվար»:
2. Հայաստան- Ադրբեջան հարաբերություններ
«Դա անգամ Հարավային Կովկասի էթնիկ խաղաղություն կարող ենք անվանել: Վրաց-աբխազական հարաբերություններն էլ են ներառված: Տարածաշրջանում առկա լարվածությանը նվազեցումը կարևոր է»:
3. Թուրք-հայկական հարաբերություններ
«Այսինքն որտեղ ուզում է լինի՝ Լոս Անջելես, Փարիզ, Մոսկվա, թուրքերի և հայերի միջև առկա խնդրի ընդհանուր եզրերը պետք է գտնել»:
Դավութօղլուի համոզմամբ, եթե նշյալ երեք անկյունաքարային հիմքերից մեկը վնասվի, ապա դա նորից խնդիրների կհանգեցնի:
«Եթե, օրինակ, մենք այսօր սահմանը բացենք, իսկ վաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի, մենք ստիպված կլինենք նորից այն փակել»: