Բժշկագիտության զարգացման գործում ավանդի համար Անահիտ Ավանեսյանը Գեորգի Օկոևին պարգևատրել է պատվոգրով և հուշամեդալով
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Նոր մեթոդի կիրառման շնորհիվ` շատ կանայք մայրացան, ընտանիքներում լսվեց մանկան սպասված ճիչը: Հոբելյանական 20-ամյակի առթիվ նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էր Մոր և մանկան առողջության կենտրոնում:
«Անպտղություն ունեցող ընտանիքների համար վերարտադրողական թանկարժեք տեխնոլոգիաների հասանելիությունը մեծացնելու համար պետությունը սկսել և տարեցտարի ընդլայնում է աջակցության ծրագրերը` ուշադրություն դարձնելով որակին և ժամանակի հետ առաջացող կարիքներին: Մեր հոգածության ներքո են զոհված զինծառայողների ընտանիքները, և ամեն երեխայի ծնունդ մխիթարանք է, ապրելու հույս է տալիս բոլորիս: Տեսնելով երկու-երեք տարեկան այդ բալիկներին` հասկանում ենք, որ կյանքն ի վերջո հաղթելու է»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Առողջապահության համակարգում արտամարմնային բեղմնավորման ներդրման, բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար նախարարը պրոֆեսոր Գեորգի Օկոևին պարգևատրել է պատվոգրով և հուշամեդալով:
Անահիտ Ավանեսյանը կարևորել է Մոր և մանկան առողջության կենտրոնի դերը` որպես մանկաբարձության և գինեկոլոգիայի լավագույն ավանդույթներ փոխանցող դպրոցի, ինչպես նաև` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ կիրառող մյուս 5 բժշկական կենտրոնների գործունեությունը:
Նախարար Ավանեսյանը, նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը կենտրոնների պատասխանատուների հետ անցկացրել են ոլորտի բարելավման թեմայով քննարկում: