Հայիթիում վարչապետի հրաժարականի պահանջով ցույցերն ուղեկցվել են բախումներով․ կան զոհեր
Հայիթիում վարչապետ Արիել Անրիի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարների, Հայիթիի ազգային ոստիկանության և ընդդիմության զինված կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել, կան զոհեր, հաղորդում է Gazette Haiti պարբերականը։
Զոհերի հստակ թիվը չի նշվում, սակայն պարբերականը գրում է, որ բախման միջադեպերից մեկի ժամանակ սպանվել են ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Գի Ֆիլիպի առնվազն հինգ կողմնակիցներ։ Հաղորդվում է նաև նրա դեմ անհաջող մահափորձի մասին։ Եվս երեք մարդ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել։
Իսկ EFE գործակալության տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է ոստիկանական տեղամասի վրա ցուցարարների հարձակման հետևանքով։ Երկրի մայրաքաղաք Պորտ օ Պրենսում հարձակումներ են գրանցվել կառավարական շենքերի վրա։ Նշվում է, որ երկրի այլ խոշոր քաղաքներում նույնպես զոհեր ցուցարարների շրջանում, լսվում են ինքնաձիգների կրակահերթեր։
Հունվարի վերջին Հայիթիի խորհրդարանի Սենատի նախկին անդամ Ժան Շառլ Մոիզը, որը 2021 թվականի հուլիսին սպանված նախագահ Ժովենել Մոիզի զինակիցն է, երկրի քաղաքացիներին կոչ է արել փետրվարի սկզբից դուրս գալ զանգվածային բողոքի ցույցերի` Անրիի կառավարության հեռացման նպատակով։
Հայիթիում անվտանգային և հումանիտար իրավիճակը վատթարացել է Ժովենել Մոիզի սպանությունից և նույն տարվա օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժից հետո, որը խլեց ավելի քան 2200 մարդու կյանք։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ավազակախմբերը վերահսկում են մայրաքաղաքի տարածքի ավելի քան 80 %-ը և համախմբվում են երկրի այլ շրջաններում։