ԱՄՆ ուժերը Բաղդադում սպանել են բարձրաստիճան զինվորականի, որը պատասխանատու էր ամերիկյան զորքերի վրա հարձակումների համար
Ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածից Բաղդադում փետրվարի 7-ին սպանվել է «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան հրամանատար, որը պատասխանատու էր համարվում տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա «հարձակումները պլանավորելու և դրանց մասնակցելու համար»։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրությունը։
Ըստ հրամանատարության՝ «այս պահին չկան տեղեկություններ կողմնակի վնասների կամ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին»։
«ԱՄՆ-ն կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները՝ պաշտպանելու մեր մարդկանց։ Մենք չենք վարանի պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր սպառնում են մեր ուժերի անվտանգությանը», - գրված է հայտարարությունում։
Ըստ Associated Press գործակալության՝ պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի արևելքում․ ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, որի մեջ եղել է զինված խմբավորման հրամանատարը։
Անվտանգության ուժերը փակել են Բաղդադի Կանաչ գոտին, որտեղ գտնվում են դիվանագիտական հաստատությունները։
Զոհերի թվի մասին տարբեր հաղորդումներ են ստացվել։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ զոհվել է 1 մարդ։ Իրաքում գործող խմբավորման երկու պաշտոնյա հայտնել են, որ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ Աբու Բաքիր ալ Սաադին, որը պատասխանատու էր Սիրիայում «Քաթաիբ Հեզբոլլահ»-ի գործողությունների համար։ Այլ լրատվամիջոցներ հաղորդում են 4 զոհի մասին։
Այս հարվածը կարող է ավելի սրել Վաշինգտոնի և Բաղդադի միջև լարվածությունը։ Օրեր առաջ ԱՄՆ զինվորականները ավիահարվածներ էին հասցրել Իրաքում և Սիրիայում տասնյակ օբյեկտների, որոնք օգտագործվում էին Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների կողմից։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին՝ ի պատասխան հունվարի 28-ին Հորդանանում «Իսլամական դիմադրության ուժերի» հարվածների, որոնց հետևանքով զոհվել էր ամերիկացի 3 զինծառայող, վիրավորվել՝ 40-ը։