Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանում պայթյուններ են որոտացել․ ԶԼՄ-ներ
Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանի տարածքում պայթյուններ են լսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen լրատվամիջոցը։
Ամերիկյան ռազմակայանը գտնվում է քրդերի կողմից վերահսկվող Դեյր էզ Զորի նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի տարածքում, որտեղ ամերիկյան զորքեր են տեղակայված 2017 թվականից։
Այլ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ռազմակայանը հարձակման է ենթարկվել բազմաթիվ «կամիկաձե ԱԹՍ-ներով»։ Արաբական լրատվամիջոցները գրում են, որ այս հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան ամերիկյան ուժերի կողմից «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան զինվորականի սպանության։
Հիշեցնենք՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածից Բաղդադում փետրվարի 7-ին զոհվել է «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան հրամանատար Աբու Բաքիր ալ Սաադին, որը պատասխանատու էր համարվում տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա «հարձակումները պլանավորելու և դրանց մասնակցելու համար»։