Բուժօգնության տեղափոխվածի հարազատները խուլիգանության կասկածանքով ձերբակալվել են
Փետրվարի 7-ի ժամը 20.25-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Միքայելյան» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատները կոտրում են հիվանդանոցի գույքը, իսկ անվտանգության աշխատակիցը վիճաբանության ժամանակ ստացել է վնասվածք:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 20.10-ին «ալկահոլային խմածություն և կոմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 26-ամյա մի երիտասարդ, որի երեք հարազատները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցնելով, հարվածներ են հասցրել հիվանդանոցի հերթապահ բժշկին և անվտանգության երկու աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Երևանի՝ 28-ամյա, Ծաղկունք գյուղի՝ 38-ամյա և Նորակերտ գյուղի՝ 28-ամյա բնակիչները ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: