ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ
ՊԵտական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ առ այսօր ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով հարուցված վարչական վարույթների ընթացքում, եթե չի ապացուցվել խնդրո առարկա ապրանքների՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով տեղափոխվելու ընթացքում բեռնաթափման, փոխաբեռնման, այլ բեռնային գործողությունների ենթարկված լինելու կամ մաքսային ապահովման միջոցները վնասված լինելու փաստը, ապա կոմիտեի կողմից կիրառվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի 1-ին մասը՝ վարչական պատասխանատվություն՝ «նախազգուշացում», իսկ ապրանքները համարվել են միության ապրանքի կարգավիճակ ունեցող։
Նշված մոտեցումը համապատասխան ապրանքներ տեղափոխողների մոտ հանգեցրել է կարգապահության թուլացման և հնարավոր չարաշահումների տեղիք է տվել։ Հետևաբար, Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ, 307-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հայտարարում է, որ ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով իրականացվող վարչական վարույթների ընթացքում այսուհետ կիրառվելու են հետևյալ մոտեցումները․
-խնդրո առարկա ապրանքները չեն ճանաչվի որպես միության ապրանք, եթե առանց մաքսային մարմնի թույլտվության Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում բեռնաթափվել, փոխաբեռնվել (վերաբեռնվել) և դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողություններ են կատարվել, կամ փոխադրող տրանսպորտային միջոցն է փոխարինվել, բացառությամբ այն դեպքերի, երբ այս գործողություններն իրականացվել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով:
-Այն պարագայում, երբ Միության անդամ երկրից ՀՀ տեղափոխված ապրանքները չեն համապատասխանի այդ ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրին (օրինակ՝ կներմուծվի հայտարարագրված ապրանքից տարբերվող ապրանք կամ կլինեն չհայտարարագրված ապրանքներ կամ ներմուծված ապրանքի քաշը կամ քանակն ավելի կլինի հայտարարագրված քաշից կամ քանակից և այլն) և դա կհանգեցնի այդ ապրանքների վերաբերյալ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի բացակայության, այդ ապրանքները չեն համարվի միության ապրանքի կարգավիճակ ունեցող, ուստի նման պայմաններում դրանք ենթակա կլինեն ձևակերպման որպես երրորդ երկրի ապրանք։ Սահմանված կարգով որպես երրորդ երկրի ապրանք չձևակերպվելու դեպքում՝ դրանք ենթակա կլինեն արգելապահման։
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվող վարչական վարույթի ընթացքում տնտեսվարողը զրկված չի լինի խնդրո առարկա ապրանքները Միության ապրանքի կարգավիճակ ունենալու վերաբերյալ այլ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, որոնք պատշաճ գնահատականի կարժանանան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։