Կարեն Թումանյանն ընտրվեց ԲԴԽ անդամ
Ազգային ժողովը 69 կողմ, դեմ՝ 0 ձայներով ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Կարեն Թումանյանին:
Նշենք, որ նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Այսպիսով, ԲԴԽ անդամների 10 հաստիքներն էլ համալրվեցին։
Կարեն Թումանյանն ԱԺ կողմից ընտրվելուց անմիջապես հետո երդվեց պարտականությունները կատարել ՀՀ սահմանադրական օրենքին համապատասխան, ապահովել իրավունքի գերակայությունը՝ երաշխավորելով դատարանի և դատավորի անկախությունը:
Հիշեցնենք, որ վերջինիս թեկնածությունը առաջադրվել է նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար։
Կարեն Թումանյանը 2002 թվականից մինչև 2022 թվականը «Բաց հասարակության ինստիտուտ» օժանդակության հիմնադրամի կողմից ստեղծված «Արդարադատության խմբի» փորձագետ է եղել, 2005 թվականից առ այսօր՝ Փաստաբանների պալատի անդամ, 2006 թվականի առ այսօր՝ «Թումանյան» փաստաբանական գրասենյակի տնօրենը, 2016 թվականից առ այսօր՝ «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ խորհրդի անդամ, 2020 թվականից առ այսօր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության իրավաբանական խորհրդատու, 2021 թվականից առ այսօր՝ Վանաձորի պետական համալսարանի դասախոս։