Հրաձգություն՝ Պակիստանի ընտրատեղամասում․ ոստիկան է զոհվել
Առնվազն մեկ ոստիկան է զոհվել Պակիստանի սահմանային Թանկ տարածաշրջանում համընդհանուր ընտրությունների ժամանակ` ընտրատեղամասի վրա կատարված հարձակման հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Թանկ տարածաշրջանի Կոտ Ազամ ընտրատեղամասում քվեարկության գործընթացը դադարեցվել է այն բանից հետո, երբ անհայտ զինված անձինք կրակ են բացել անվտանգության ծառայության աշխատակցի վրա, ինչի հետևանքով նա տեղում զոհվել է», - հաղորդել են տեղի լրատվամիջոցները։
Փետրվարի 7-ին Պակիստանի Բելուջիստանի նահանգում երկու պայթյուն էր տեղի ունեցել թեկնածուների գրասենյակների մոտ, որի հետևանքով 28 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։
Պակիստանի Ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի և երկրի նահանգների օրենսդիր մարմինների ընտրությունները մեկնարկել են փետրվարի 8-ին ժամը 08.00-ին: Համընդհանուր ընտրությունների արդյունքներով կընտրվի Ազգային ժողովի 266 թեկնածու, որոնք հետագայում ձայների մեծամասնությամբ կընտրեն հաջորդ վարչապետին։ Միաժամանակ քաղաքացիները կընտրեն իրենց նահանգային խորհուրդների ներկայացուցիչներին, որոնք էլ իրենց հերթին կընտրեն նահանգների ղեկավարներին: