ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրություն, որը ծառայում է ՀՀ-ին և ոչ թե գրված է ինչ-որ մի կայսրության թելադրմամբ. Վահագն Ալեքսանյան
Միանշանակ է, որ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրություն, որը ծառայում է ՀՀ-ին և ոչ թե գրված է ինչ-որ մի կայսրության թելադրմամբ, այդ կայսրության փլուզման պայմաններում, որպեսզի ականներ դրվեն ՀՀ-ի տակ այնպես, որ եթե կայսրությունը որոշի, որ մի օր պետք է վերամիավորվի, այդ ականները աշխատեն: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ հաստատելով լրագրողի հարցը, թե Սահմանադրությունը փոխելը կապ ունի՞ Անկախության հռչակագրի հետ, քանի որ Սահմանադրությունում հղում է կատարվում Անկախության հռչակագրին:
Ալեքսանյանը նաև նկատեց՝ Սահմանադրությունում գրված է, որ այն պետք է իրականացնի հայ ժողովրդի իղձերը: Բայց ինչպե՞ս պետք է ՀՀ-ն բավարարի միաժամանակ և՛ ռուսաստանահայության, և՛ ամերիկահայության իղձերը, եթե այդ երկրները այս պահի դրությամբ գրեթե սառը պատերազմի մեջ են, և ամեն մեկը մյուսի կործանում է ուզում, ժողովրդի այն հատվածն էլ, որը ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի քաղաքացի է, այդ երկրի իղձերի կրողն է:
«ՀՀ-ի գերնպատակը մի՞թե չպետք է լինի ՀՀ քաղաքացիների իղձերի կատարումը, որովհետև արդյոք ՀՀ քաղաքացիները չե՞ն, որ կրում են այն բոլոր պարտավորությունները և պարտականությունները, որոնք անհրաժեշտ են պետություն ունենալու համար. գնում են, բանակում են ծառայում, ապրում են Հայաստանում, հարկեր են վճարում, Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրում են կրակոցների տակ 30 տարի շարունակ»,- ասաց նա և կարծիք հայտնեց, որ այդ մարդկանց իղձերն են գերառաջնային, և «նորմալ չէ» հավասարության նշան դնելն այդ մարդկանց ու այն մարդկանց միջև, որոնք ինչ-որ երկրում աշխատում են ու ապրում են: