ԿԺԴՀ-ն չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի հետ տնտեսական համագործակցության մասին օրենքը
Հյուսիսային Կորեան փետրվարի 7-ին կայացած ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության XXX լիագումար նիստում վերացրել է միջկորեական տնտեսական համագործակցության մասին օրենքը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից
Նշվում է, որ ըստ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության՝ այս քայլն արվել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հարաբերություններում աճող լարվածության ֆոնին:
Մեկ ամիս էլ չկա, որ ԿԺԴՀ-ն վերացրել է միջկորեական հարցերով զբաղվող գործակալությունները, քանի որ 2023 թվականի վերջին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջկորեական կապերը որակեց որպես «միմյանց թշնամի երկու պետությունների» հարաբերություններ:
Միևնույն ժամանակ երկու Կորեաների միավորման գործերի հարավկորեական նախարարության ներկայացուցիչը Yonhap-ին հայտնել է, որ օրենքի չեղարկումը նկատելիորեն սպասելի էր: Նա զգուշացրել է, որ այդ քայլը կհանգեցնի Հյուսիսային Կորեայի հետագա մեկուսացման: Գործակալության զրուցակիցը նաև ընդգծել է, որ միջկորեական տնտեսական համագործակցության մասին համաձայնագրերն անվավեր չեն դառնա Փհենյանի միակողմանի որոշման պատճառով։