Աշխատող և հարկ վճարող քաղաքացու հերոսությունը շատերը, երբեմն նույնիսկ ինքը չեն նկատում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրա վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում և գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը:
Նրա վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում բոլոր ուսուցիչները, բոլոր զինվորները, սպաները, գեներալները, բոլոր դիվանագետները:
Նրա վճարած հարկերի շնորհիվ են պահպանվում և վերականգնվում պատմամշակութային հուշարձանները:
Նրա վճարած հարկերի շնորհիվ է ձեռք բերվում սպառազինություն և տեխնիկա, ինժեներական աշխատանքներ կատարվում սահմանին:
Նրա վճարած հարկերի շնորհիվ է սնվում, հագնվում զինվորը:
Նրա վճարած հարկերի շնորհիվ են թոշակ ստանում թոշակառուները, նպաստ ստանում նպաստառուները, առողջապահական ծառայություններ ստանում հարյուր հազարավոր մարդիկ, ում ստացած ծառայությունների դիմաց վճարում է պետական բյուջեն և այս վճարումների շնորհիվ են աշխատում առողջապահական հիմնարկները՝ բժշկական կենտրոնները, պոլիկլինիկանները և ամբուլատորիաները:
Աշխատող և հարկ վճարող քաղաքացին 2023 թվականին աշխատել և պետական բյուջե է վճարել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 2017 թվականի համեմատ ավել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2.6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով:
Ես խոնարհվում եմ աշխատող և հարկ վճարող քաղաքացու առաջ:
Նրա հերոսությունը շատ-շատերը, երբեմն նույնիսկ ինքը չեն նկատում:
Կառավարությունը նկատում է: Ես ինքս նկատում եմ: Շնորհակալություն»,- գրել է նա: