ՍԴ դատավորի թեկնածուի հարցը՝ ԱԺ-ում
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը:
Հարցն արդեն խորհրդարանում է։
Iravaban.net-ը հայտնում է՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, 12 տարի ժամկետով:
Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի:
Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Սահմանադրական դատարանի դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները: