ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը միմյանց նկատմամբ ունեն պարտավորություններ՝ ներառյալ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման ու անվտանգության ապահովման առումով։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 7-ին կայացած ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ռուսաստանը Հայաստանից ստացել է արդյոք որոշակի ազդակներ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերաբերյալ:
«Մեր երկրները շարունակում են մնալ գործընկերներ, եւ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները այդ ամենը հաշվի կառնեն ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին՝ կատարելով ճիշտ ընտրություն։ Երեւանը գտնվում է նաև ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության երաշխիքների ներքո, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ ՌԴ եւ ՀՀ միջեւ առկա է փաստաթղթաիրավական բազա՝ անվտանգության եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: