Դատախազություն են կանչվել «ADM Դայմոնդս» ադամանդի գործարանի սեփականատերն ու նրան փոխկապակցված որոշ անձինք
«ADM Դայմոնդս» ադամանդի գործարանի սեփականատեր Արտակ Բաղիկյանը փետրվարի 9-ին հրավիրվել է ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Civic.am-ը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկացավ, որ Դատախազության համապատասխան վարչությունում Բաղիկյանին պատկանող գույքի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, և նրա անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա։
Նշենք, որ սույն գործով դատախազություն են կանչվել ևս մի քանի փոխկապակցված անձինք՝ Ասպարիկ Բաղիկյանը՝ Արտակ Բաղիկյանի հայրը, Արայիկ Ներսիսյանը, Մարինե Բաղիկյանը, Նաիրա Գալստյանը։ Հիշյալ անձանց ուղարկված ծանուցագրերում նշված է, որ Արտակ Բաղիկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Հիշեցնենք, որ 2020 թվականին մամուլում լուրեր հրապարակվեցին ընկերության վերաբերյալ՝ մասնավորապես ինչ-ինչ մաֆիոզ կառույցների մեջ ներգրավված լինելու մասին։ «ADM Դայմոնդս»-ի փոխտնօրեն Արսեն Արտաշեսյանն ու Արտակ Բաղիկյանը ասուլիսի հրավիրեցին և մանրամասն անդրադարձան իրենց ուղղված քննադատություններին։ «Նշվում է, թե իբր մենք մաֆիոզ կառույցների մեջ ենք ներգրավված, առանց փաստաթղթավորման ներմուծումներ ենք կատարում, աշխատողներին աշխատավարձ չենք վճարում: Մեջբերումներ են արվում ինչ-որ գործարարներից, որոնք չեն ցանկացել ներկայանալ: Մենք այսօր պատրաստ ենք հատ-հատ բոլոր հնչեցված մեղադրանքներին տալ հիմնավորված պատասխաններ»,- ասել էր Արսեն Արտաշեսյանը: Գործարանի ղեկավարությունը նաև անհեթեթություն էր համարել այն դիտարկումները, թե իրենք զբաղվում են մաքսանենգ ճանապարհով ադամանդների ներմուծմամբ և արտահանմամբ:
Ազգային անվտանգության ծառայությունն, ահա, 2021-ին հայտնել էր, որ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72.014.112 ՀՀ դրամ, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 18.09.2020 թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420.000.000 ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձնապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ: Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման էր ենթարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Արմեն Նալբանդյանը և ձերբակալվել:
Նույն օրը կաշառք տալու, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու կասկածանքով բերման էին ենթարկվել նաև ՀՀ-ում գործունեություն իրականացնող տնտեսվարող ընկերության փաստացի սեփականատերերը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք:
Նշենք, որ սույն դեպքով քրեական գործը 2022-ի սեպտեմբերից Հակակոռուպցիոն դատարանում է։ Ամբաստանյալներն են Արմեն Նալբանդյանն ու Արտակ Բաղիկյանը, որոնք մեղադրվում են հանրորեն վտանգավոր արարք կատարելու մեջ։
Ա. Նալբանդյանը, ըստ մեղադրանքի, ունենալով ՀՀ ներմուծվող թանկարժեք իրերի համար պետական վերահսկողության ակտերի տրամադրումը և դրանից բխող աշխատանքների իրականացումը ապահովելու գործառույթ, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Արտակ Բաղիկյանի հետ, վերջինիս հետ փոխկապակցված, ՀՀ ադամանդագործության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «ԿԱՐԱԲՐԱ» ՍՊԸ-ի օգտին իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական շահերի օգտագործելով, պետական վերահսկողության գործառույթ իրականացնող ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Վահե Սաֆարյանին 2020թ. օգոստոսին հանձնարարելու եղանակով դրդել է առանց «ԿԱՐԱԲՐԱ» ՍՊԸ-ի կողմից 2020թ. օգոստոսի 19-ին թիվ 141-0448 3894 բեռնագրով ներմուծված թանկարժեք քարերի փաթեթները բացելու և ստուգելու, հիմք ընդունելով միայն տնտեսվարողի կողմից ներկայացված տվյալները, փաստաթղթերի հիման վրա կազմել և տրամադրել է կեղծ տեղեկություններ պարունակող պետական վերահսկողության ակտ: ...Պետական վերահսկողության կեղծ ակտի հիման վրա թույլատրված մաքսային ձևակերպումով «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել է 72.014.112 ՀՀ դրամ մաքսային արժեքով ադամանդ, որի համար հաշվարկվել և վճարվել է 2.160.423 ՀՀ դրամի մաքսատուրք, մինչդեռ իրականում ադամանդների մաքսային արժեքը կազմել է 675,677,019 ՀՀ դրամ, որի համար պետք է վճարվեր 20,270,311 ՀՀ դրամի մաքսատուրք: Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ ներմուծված ապրանքի մաքսային արժեքի նվազ նշման հետևանքով պակաս է վճարվել 18.109.888 ՀՀ դրամի մաքսատուրք:
Մասնավորապես Արտակ Ասպարիկի Բաղիկյանը, ըստ մեղադրանքի, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Արմեն Նալբանդյանի հետ, 2020 թ. սեպտեմբերի 6-ին նրան տվել է 244,000 ՀՀ դրամի համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառք, որ նա իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործի պետական վերահսկողության գործառույթ իրականացնող ՀՀ էկոնոմիակայի նախարարության աշխատակից Վահե Սաֆարյանի նկատմամբ, որպեսզի վերջինս «ADM Դայմոնդս» ՍՊԸ կողմից 2020 թ. սեպտեմբերի 4-ին Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ ներմուծված ադամանդյա քարերի արժեքների վերաբերյալ տնտեսվարողի ներկայացված տվյալները հիմք ընդունելով, պետական վերահսկողության ակտ տրամադրի: Կաշառքի գումարը տրամադրելուց հետո Արմեն Նալբանդյանը նախաձեռնել ու 2020 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, աշխատավայրից դուրս հանդիպել է Վահե Սաֆարյանին և նրա հետ քննարկել է պետական վերահսկողության ակտ տրամադրելու հարցերը, որի ընթացքում Վահե Սաֆարյանը հրաժարվել է վերցնել այն: