Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են տեղեկատվության ազատության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պետական տարբեր մարմինների և զանգվածային լրատվության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է 2023 թվականի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս համատեքստում քննարկվել են զեկույցում ներկայացված խնդիրները, տեղեկատվության ազատության ոլորտում առկա մարտահրավերները, օրենքով սահմանված տեղեկատվության տրամադրման գործընթացն ու առկա կարգավորումները:
Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել խնդիրների լուծմանն ուղղված քայլերի շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Նշվում է, որ կարևորվել է պետական մարմինների և լրատվության ոլորտում գործող կազմակերպությունների արդյունավետ համագործակցությունն ու երկխոսությունը՝ ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով: