Ձեզ մոտ փառահեղ ստացվում է ծամածռվելը, կարող եք Մարությանի կինոներում դեր ուզել․ Անի Խաչատրյանը՝ Մանուկ Սուքիասյանին
«Մայր Հայաստան» խմբացության անդամ Սոնա Աղեկյանի լիազորությունը վաղաժամ դադարեցնելու նախագիծը Երեւանի ավագանու արտահերթ նիստում ներկայացրեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։ Նա նշեց, որ Սոնա Աղեկյանը նույնպես չի մասնակցել քվեարկությունների 50 տոկոսին և մի քանի կետով կարող են դադարեցնել նրա լիազորությունները։
Անի Խաչատրյանն արձագանքեց մինչև այդ հնչած տարբեր կարծիքների։ «Քաղաքական անհաջող մունետիկ Հայկ Մարությանը, որը մեկ-մեկ կարողանար որպես քաղաքապետ գար աշխատանքի, գուցե որպես ավագանի այս օրին չլիներ։ Մենք էլ, որպես քաղաքային իշխանություն, ստիպված չլինեինք իր չարածներն անելու»,- հայտարարեց Անի Խաչատրյանը։
Անդրադառնալով Մանուկ Սուքիասյանին՝ նա ասաց․«Երևանն ու Արգիշտի 1 հասցեն նրա նման քաղաքական մուրացկան դեռ չեն տեսել՝ նույնիսկ Արգիշտիի ժամանակից սկսած։ Ձեզ մոտ փառահեղ ստացվում է ծամածռվելը։ Կարող եք Հայկ Մարությանի «Սուպեր մամա» 3-4 կինոներում դեր ուզել ու գնալ ծամածռվել»։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանն օգտվեց հարցի իրավունքից, սակայն հարցը ոչ թե Անի Խաչատրյանին ուղղեց, այլ «Հանրապետություն» խմբակցության անդամ, նախկին իրավապաշտպան Արտակ Զեյլանյանին։ «Ի՞նչ եք կարծում, եթե դատարանի միջոցով վիճարկվի այս հարցը, քանի որ Երևանի մասին օրենքով, ավագանու կանոնակարգով անհարգելիության տեեստր չի վարվում և ավագանու որոշումը բարձր չէ օրենքից, կվերականգնվեն արդյոք ավագանու անդամների լիազորությունները»։ Քաղաքապետը հիշեցրեց, որ հարցերը պետք է տալ զեկուցողին։ «Անընդհատ կանոնակարգից եք խոսում՝ առաջին նիստից սկսած, հիմա էլ կանոնակարգից դուրս ցուցումներ եք տալիս»,- նշեց Տիգրան Ավինյանը։ «Ձեզնից սովորել եմ խախտել»,- տեղից արձագանքեց Գրիգորի Երիցյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևան քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.
Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)
Հայկ Մարության («Ազգային առաջընթաց»)
Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)
Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)
Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)
Այս պահին արդեն Նաիրնե Հայրապետյանի եւ Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցվել են: Մյուսների հարցը դեռ քննարկվում է:
Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն: Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա:
Ավելի ուշ նիստին ներկայացան «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները: