Մեղրիում ապրելու դրական նախապայմաններից մեկը որակյալ առողջապահական ծառայություն ստանալն է․ Մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 6-ին «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Մհեր Աբրահամյանին․ նա այս պաշտոնում է նշանակվել փետրվարի 1-ին՝ մարզպետի № 43-Ա որոշմամբ։ Նույն որոշմամբ տնօրենի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանն ազատվել էր պարտականությունների կատարումից։
Սյունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Մհեր Աբրահամյանն իր մասնագիտական գործունեությունն սկսել էր հենց Մեղրու ԲԿ-ից, ու տեղացիները քաջ ծանոթ են նրա մասնագիտական որակներին։ Այնուհետև աշխատել է նաև Սպիտակի և Գորիսի ԲԿ-ներում, մասնագիտությամբ վիրաբույժ է։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել Լուսինե Վարդանյանին՝ ԲԿ-ն ղեկավարելու տարիներին կատարած աշխատանքի համար ու շնորհավորելով ներկա պաշտոնակատարին՝ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք մաղթեց նրան։
Մարզի ղեկավարը նաև խնդրել է ԲԿ-ի կոլեկտիվին ամեն հարցում աջակցել նրան՝ նշելով, որ որպես պաշտոնակատար Մ․ Աբրահամյանի հաջողելու գործոնը մեծապես կախված է կոլեկտիվի յուրաքանչյուր անդամից։
«Մարդու համար Մեղրիում ապրելու դրական նախապայմաններից մեկն այստեղ որակյալ առողջապահական ծառայություններ ստանալն է, և պետք է համախմբվեք ու միասնական ուժերով աշխատեք բժշկական կենտրոնի առջև ծառացած մարտահրավներին դիմակայելու ուղղությամբ», - ասել է Ռոբերտ Ղուկասյանը։
Շնորհավորանքի խոսք են ասել նաև Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, ԲԿ-ն տասը տարի ղեկավարած Լուսինե Վարդանյանը։
Մհեր Ալավերդյանը շնորհակալություն է հայտնել վստահության ու այս պաշտոնում իրեն նշանակելու համար, նշել, որ տնօրենի պարտականություններին զուգահեռ այստեղ կշարունակի մասնագիտական աշխատանքը, որը Մեղրիում շատ անհրաժեշտ է։ Նա խնդրել է ներկաներին ամեն ինչ անել բնակչության առողջության պահպանման համար և խոստացել աշխատանք տանել, որպեսզի մեղրեցիները տեղում ստանան առողջապահական այն ծառայությունները, որ հնարավոր է ու չգնան այլ տեղեր։
Այսպիսով տնօրենի նոր պաշտոնակատարը իբրև առաջնահերթություն կարևորել է համայնքի բնակչության վստահության վերականգնումը ԲԿ-ի հանդեպ։
Հանդիպման ընթացքում Սյունիքի մարզպետը պատասխանել է նաև բուժանձնակազմի անդամներին հուզող հարցերին, որ վերաբերում էին բժշկական կենտրոնի գործունեությանը։