Արգենտինայի նախագահը մեկնել է Իսրայել
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը փետրվարի 5-ին մեկնել է Իսրայել՝ հանդիպելու իր պաշտոնակից Իսահակ Հերցոգի և երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Նախագահ Միլեյն իր այցի ընթացքում կգնա Լացի պատ և փետրվարի 6-ին հանդիպում կանցկացնի իսրայելցի պաշտոնակից Իսահակ Հերցոգի, իսկ փետրվարի 7-ին՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ», - ասված է Արգենտինայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
Նախատեսված է նաև Միլեյի հանդիպումն իսրայելցի ձեռնարկատերերի հետ։ Արգենտինայի նախագահին ուղեկցում են նրա քույրը՝ Կարինա Միլեյը, որն զբաղեցնում է նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնը, և արտաքին գործերի նախարար Դիանա Մոնդինոն։
Վերադարձի ճանապարհին Միլեյը կանգ կառնի Իտալիայում։ Ավելի վաղ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 12-ին կընդունի Արգենտինայի նախագահին։
2023 թ․ նոյեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելուց հետո Միլեյը հայտարարել էր, որ պատրաստվում է այցելել ԱՄՆ և Իսրայել մինչև իր երդմնակալությունը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին։ Սակայն առայժմ կայացել է միայն նրա ուղևորությունը Նյու Յորք և Վաշինգտոն: Արգենտինայի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին համարում է առաջնահերթ դաշնակիցներ: