Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցված հարվածների մասին
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ գիշերը Խարկովի մարզի Զոլոչև բնակավայրին հարվածներ են հասցվել, որի հետևանքով 2 ամսական երեխա է զոհվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հարվածի հետևանքով փլուզվել է հյուրանոցի եռահարկ շենքը, որի փլատակներում մարդիկ են մնացել։ Երեք կնոջ հաջողվել է փրկել, սակայն նորածին երեխան զոհվել է։ Բացի այդ, ըստ հաղորդագրության, մերձակա երկհարկանի շինությունում հրդեհ է բռնկվել։
Ռուսական կողմը այս հարվածի մասին մեկնաբանություն չի արել, սակայն ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։
Ըստ գերատեսչության հայտարարության՝ գիշերը Ռուսաստանի Բելգորոդի մարզի ուղղությամբ արձակվել է ինքնաթիռային տիպի 7 ԱԹՍ, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Իր հերթին Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Գուբկին քաղաքում ուկրաինական ԱԹՍ է ընկել․ տուժածներ չկան, վնասվել է 4 մասնավոր տուն։