Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը: Այս համատեքստում կողմերը քննարկել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասներ, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումից առաջ անհրաժեշտ է իրականացնել իրազեկման արշավներ՝ հանրության շրջանում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների մասին իրական պատկերացում ձևավորելու համար։ Իրազեկման հարցում Պաշտպանը կարևորել է լրագրողների դերակատարությունը՝ նշելով նրանց համար այս թեմայով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու կարևորությունը, ինչը պետք է կրի շարունակական բնույթ։
Ծրագիրը նախաձեռնվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությամբ: Նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբանության և բժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ, ամրապնդել իրավաբան մասնագետների, բժիշկների, պետական մարմինների կարողություններն այդ չափանիշները կիրառելու ոլորտում, ապահովել մեր երկրում կենսաբանության ու բժշկության ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումների կիրառումը։
Հանդիպման շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը:
Իր հերթին, Լորանս Լվոֆֆը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
Հանդիպման ավարտին մասնակիցները բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները: