Արդյոք ռեկուլտիվացիա կատարվո՞ւմ է ԶՊՄԿ-ի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարում․ Շրջակա միջավայրի նախարարությունը չունի հարցի պատասխանը
Tert.am-ը զրուցել էր մի քանի բնապահպանի հետ, որոնք ահազանգել էին, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) կողմից շահագործվող Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարը շարունակում է վատ վիճակում մնալ։
Նրանք բարձրաձայնում են, որ Արծվանիկի պոչամբարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ինչի հետևանքով վտանգի տակ է շրջակա տարածքներում ապրող մարդկանց կյանքն ու առողջությունը:
Մասնագետները դեռ 2020 թվականին զգուշացնում էին, որ պոչամբարի գործունեությանն առնվազն 3-4 տարի է մնացել, սակայն, այն դեռ նույն ձևով շարունակում է գործել։
Հիմա, երբ, պոչամբարի արդյունահանման ծավալներն աճել են, ըստ բնապահպանների, վիճակն ավելի է վատթարացել։
Կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարում տիրող իրավիճակի վերաբերյալ Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն, հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք ստուգումներ, ուսումնասիրություններ իրականացվո՞ւմ են, թե՝ ոչ։
Ի պատասխան Tert.am-ի գրության՝ հայտնել են, որ նախարարության կողմից 2023 թվականի հունիսի 2-ին ԶՊՄԿ ՓԲԸ-ին արտադրական նպատակով տրվել է N 0150 ջրօգտագործման թույլտվությունը։
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Արծվանիկի պոչամբարի ռեկուլտիվացիայի» նախագծի վերաբերյալ 2009 թվականին տրվել է դրական եզրակացություն։
Բացի դա, հարցրել էինք, թե արդյոք ռեկուլտիվացիա կատարվո՞ւմ է Արծվանիկի պոչամբարում։
ՇՄՆ-ից արձագանքել են, որ այս հարցադրումների պատասխանները դուրս են իրենց գործառույթներից։