Բուդապեշտում տեղի ունեցավ ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Ինչպես Բուդապեշտից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Բուդապեշտի Լայոշ Կոշուտի անվան հրապարակում, որտեղ նրան դիմավորեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը։
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեցին Հայաստանի և Հունգարիայի պետական օրհներգերը, որից հետո տեղի ունեցավ պատվո պահակախմբի զորահանդեսը։
Այնուհետև Վահագն Խաչատուրյանը կմեկնի Հերոսների հրապարակ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։
Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի նախագահի նստավայրում կհանդիպի Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ, որին կհաջորդի նախագահների մամուլի ասուլիսը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Բուդապեշտում է։ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
Պաշտոնական այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։
ՀՀ նախագահը կհանդիպի նաև Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։