Լևոն Քոչարյանը հնարավոր է համարում փողոցային պայքարի վերսկսումը
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմությունը իշխանություններին հեռացնելու համար կրկին փողոցային պայքար կսկսի։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը:
Անդրադառնալով ընդդիմության պայքարի մասին հարցին՝ Լևոն Քոչարյանը վստահեցրեց, որ ինքը, «Հայաստան» դաշինքը չեն համակերպվել գործող իշխանության, վարչապետի գործողությունների հետ: «Պայքարելու եմ այդ ամեն ինչի դեմ: Հիմա մենք մեր հասարակությանը բացատրելու, ինչ-որ տեղ համոզելու, աչքերը բացելու խնդիր ունենք, որով զբաղված ենք»,-ասաց նա:
Ըստ նրա՝ այդ գործունեությունը տարբեր ձևով է ծավալվում՝ մի մասով խորհրդարանում՝ հարցուպատասխանի միջոցով, տարբեր պատգամավորների կողմից ուրիշ հարցեր բարձրաձայնելով, նաև խորհրդարանից դուրս՝ տարատեսակ հանդիպումներով, մարզային այցելություններով: Թե ինչքանով է դա արդյունավետ, ըստ Քոչարյանի, կարող են տարբեր գնահատականներ հնչել:
Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նորից փողոցային պայքար սկսեն՝ նա պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է»:
Ըստ Քոչարյանի՝ Սահմանադրության փոփոխության հետ կապված իշխանությունը փորձում է հասկանալ տրամադրությունները: «Գոնե անձամբ ինձ համար անընդունելի է այն, ինչ ուզում են անել»,-նշեց նա:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ընդդիմությունը մի քանի անգամ փողոցային պայքար է սկսել իշխանությանը հեռացնելու նպատակով, սակայն բոլորն անհաջողությամբ են ավարտվել։